«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 47մլն դրամի հաղորդալար է հափշտակվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

Նշվում է, որ տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրվել է դիմում:

Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018թ-ի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։ Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 24,372 մետր հաղորդալար։

Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։

Քննությունը շարունակվում է։