Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ: Ամիսներ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում աշխատանքներ էին իրականացվում. ջեռուցման ավանդական համակարգը համալրվում էր նոր տեխնոլոգիաներով: Աշխատանքներն արդեն ավարտվել են. արևային ջրատաքացուցիչ համակարգը պատրաստ է շահագործման:

13,8 ԿՎտ/ժ հզորությամբ գործող արևային ջրատաքացուցիչ համակարգը կարևոր ձեռքբերում է սահմանապահ գյուղի համար: Մինչև արևային համակարգի շահագործումը, հինգ տարի շարունակ, ջեռուցվել է մանկապարտեզի շենքի միայն մեկ հարկը: 50-60 սանի փոխարեն, սպասարկվել է 30 սան: Այժմ հնարավոր կինի ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որում՝ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաև 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք. մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետև հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը: