Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։ Այդ մասին ասել է Շիրխանյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կանչել են ոչ թե հարցաքննության, այլ հարց ուղղելու։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

«Ինձ չեն կանչել հարցաքննության, կանչել են ասել` «կարո՞ղ ենք Ձեր հայտարարությունն ընդունել որպես ոճրագործության մասին հայտարարություն», ես ասել եմ` «այո՛, կարող եք»,- նշել է Շիրխանյանը։

Հարցին, թե այլ հարցեր իրեն չեն տվե՞լ, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանել է, որ ոչ։

Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․

«1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

Լրագրողի հետ զրույցում Շիրխանյանը կրկին պնդել էր, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է 1998թ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, և պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր են նախապատրաստում 1998թ-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։