Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն առաջարկել է փոխել Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը՝ վերածելով այն մզկիթի: Այդ մասին նա հայտարարել է TGRT հեռուստաալիքի եթերում:

«Սբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի: Եվ բոլոր դավանանքների հետևորդները կկարողանան այն այցելել անվճար»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ 2018թ-ի մարտին Էրդողանը Ղուրանից տողեր է ընթերցել Սբ Սոֆիայում: Նա ընթերցել է «Ստամբուլը նվաճողներին» նվիրված հատվածը, ինչը դատապարտվել էր Աթենքի կողմից:

Նշենք, որ Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն ավելի քան 1000 տարի եղել է ամենամեծ քրիստոնեական եկեղեցին աշխարհում: Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից և Բյուզանդիայի անկումից հետո տաճարը վերածվեց մզկիթի, սակայն 1934-ից շինությունն Աթաթուրքի հրամանով թանգարան դարձավ և ներառվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: