Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և Հայաստանի տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ վաճառողներին ազատել ավելացված արժեք հարկից։ Նախագիծը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։

«Անասնատերերին ձեռնտու է կենդանիները վաճառել Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այդ դեպքում իրացումն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում առաջանում են տոհմային խոշոր եղջերավոր կենդանիները հարևան երկիր արտահանելու երկկողմ շահեր, ինչն էլ մեծ վնաս է հասցնում ՀՀ-ին` տոհմային անասնապահությունը զարգացնելու ծրագրի իրագործման բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների վաճառքն ազատվի ԱԱՀ-ից, կնվազի վաճառքի գինն առնվազն 20 տոկոսով և դա շահավետ կլինի և վաճառողի, և տեղացի գնորդի համար: Վաճառողն այլևս ստիպված չի լինի հավելյալ ծախսեր կատարել իր ապրանքը արտահանելու համար, տեղացի գնորդն էլ ստիպված չի լինի կենդանի ձեռք բերել դրսում, քանի որ ԽԵԿ-ների ներմուծումը նույնպես ազատված է ավելացված արժեքի հարկից»,- նշվում է նախագծում։

Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ 2018թ․ հանրապետություն ներկրվել է 853 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 214 գլուխը օգտագործվել է հետագա բուծման նպատակով, իսկ մնացածը իրացվել է մսի: Սննդամթերքի անվտանգության պետական մարմնի տվյալներներով՝ 2018թ․ հանրապետությունից արտահանվել է 3122 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 83 գլուխը՝ տոհմային: