Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է․

«2018թ-ի ընթացքում նախարարությունից փոխհատուցում է ստացել 475 դայակ»:

Նախարարը նաև նշել է, որ առաջիկայում ժողովրդավարության իրավիճակի բարելավման ուղղությամբ մշակվող ռազմավարության շրջանակներում պետք է համատեղ քննարկման ներկայացնեն նաև կանանց, մայրերի, ծնողների աջակցման ծրագրեր։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն՝ աշխատող մայրերին այլևս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Պետությունը պարտավորվում է դայակին վճարել 55 հազար դրամ, իսկ մնացած մասը վճարում է ընտանիքը:

Նիստին անդրադարձ է եղել նաև աշխատանքային գրքույկների թվայնացմանը։ Փոխնախարար Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ այս պահին 270 հազար աշխատանքային գրքույկ է թվայնացվել։

«Անհանգստության որևէ խնդիր չկա, համաձայն ժամանակացույցի գործընթացը կհասցվի տրամաբանական ավարտին։ Երկրորդ փուլով էլ կթվայնացվի այն մարդկանց գրքույկները, որոնք այս պահին չեն աշխատում և դրանք իրենց ձեռքին են»,- նշել է նա։