Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները չեն վճարվի, նրանց հետ պայամանգիրը կխզվի և նրանք կհայտնվեն սև ցուցակում: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի դիտարկմանն այն մասին, որ Ոսկեպարի նոր կառուցված ճանապարհն արդեն քանդվում է:

Ըստ պատգամավորի, Դիլիջանն Իջևանին կապող ճանապարհի Ոսկեպարհի նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ոչ գծանշումներ, ոչ ճանապարհային նշաններ, հայտնում է Factor.am-ը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ պատգամավորի մատնանշած ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2,5 մլրդ դրամի ֆինանսավորում ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել։

«Որակի վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով, իսկ եթե լինեն խախտումներ, ապա դրանց ընթացք կտրվի՝ կամ ճանապարհը չի ընդունվի ու շինարարները չեն վճարվի, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը կխզվի, կհայտնվեն սև ցուցակում և կհայտարարվի նոր մրցույթ։ Խոսքը գնում է Ոսկեպարի ճանապարհի մասին, շինարարը տեղեկացվել է, որ ճանապարհը չի ընդունվելու, հիմա կամ նորից կկատարեն այդ աշխատանքները, կամ այդ ընկերությունը հայտնվի սև ցուցակում»,- մանրամասնել է Արշակյանը։