Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարան տրամադրելու հարցին, ասել է.

«Ունենք շատ ավելի մեծ թվով մանկատների շրջանավարտներ, որոնց հանդեպ պետությունն ունի պարտավորություններ և մինչ օրս չի կատարել այդ պարտավորությունները։ Այս մասով մենք լուրջ բացթողումներ ունենք, որպես պետություն»:

Բաթոյանի խոսքով՝ նախարարությունում այժմ մշակվում են ծրագրեր այս հարցի շրջանակներում:

«Հիմա մենք մշակում ու քննարկում ենք այն ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն մանկատան շրջանավարտների բնակարանային խնդրի լուծմանը և դա համապարփակ լուծում պահանջող հարց է: Լուծումներից մեկը կոնկրետ համայնքների հետ է կապված. մենք օրինակ՝ ունենք առաջարկներ, որ պետք է նաև այդ բնակարանները համայնքային ենթակայությամբ գործեն, որովհետև շատ հաճախ օրինակ՝ Լոռու մարզպետարանը այլ կարծիքի է, իսկ մենք՝ այլ: Մյուս կողմից տվյալ մարզպետարանը կամ համայնքը ավելի լավ գիտի իր համայնքի կարիքները և իր բնակիչներին՝ ում պիտի այդ բնակարանները առաջնահերթությամբ տրամադրվեն, ում՝ ոչ: Այս իմաստով մենք ևս ունենք անելիք»,- նշել է նախարարը: