Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ չի տալիս գնորդներին, ասել է.

«Չկա նման սենսացիա: Որպես հարկ վճարողի վարքագիծ եթե գնահատենք, «Զիգզագ»-ն ունի օրինապահ վճարողի վարքագիծ և նաև ոլորտային բազմաթիվ քննարկումների ժամանակ սույն ղեկավարության հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նա իր ամբողջ աշխատակազմին ՀԴՄ-ների պարտադիր տրամադրման պահանջ է ներկայացրել»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ՀԴՄ կտրոններ կարող է չտրամադրվել տարբեր պատճառներով, որը կարող է կապ չունենալ հարկ վճարելու պատասխանատվությունից խուսափելու հետ.

«Կարող է տվյալ պահին անսարքություն լինի, կապի խափանում լինի: Շատ կան հարկ վճարողներ, որոնք ունեն օրինապահ հարկ վճարողի վարքագիծ, բայց տարբեր պատճառներով, նաև կոնկրետ տվյալ աշխատակցի անուշադրության պատճառով կարող է չտրամադրվել ՀԴՄ կտրոն և հարկ վճարողն ինքը պատասխանատվության ենթարկվի: Պետք չէ ամեն ինչ դրամատիզմով ներկայացնել հանրությանը»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Դավիթ Անանյանը: