Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային Ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ «Քլիներս» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ և անհրաժեշտ պարզաբանումներ տվել:

Նշվում է, որ «Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018թ-ի սեպտեմբերին մասնակցել և հաղթող է ճանաչվել ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարած ԱԺ վարչական շենքի սանմաքրման մրցույթում, առաջարկելով 7 մասնակիցների թվում ամենացածր գինը:

«Միաժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ ընկերությունն իր գործունեության մեջ կաշկանդված չէ որևիցէ կապերով թե նախկին, թե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ: Առավել ևս, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Քլիներս» ՍՊԸ պայմանագրային պարտավորություններից դուրս որևիցէ պարտավորություն չի ստանձնել ԱԺ ղեկավարության թե նախկին, թե ներակայիս վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերության ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով, ընկերությունը պարտավորվում է ապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով: Քանի որ աշխատանքի տևողությունը կազմում է 2 ժամ, ապա ընկերությունը որոշել է, համապատասխան դրույքաչափի հաշվարկով, վարձատրել մաքրուհիներին կես դրույքաչափ: Այլ պարտավորություն (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) ընկերությունը չի ստանձնել և առաջնորդվում է բացառապես կողմերի միջև կնքված պայմանագրով:

Այս թեմայով տարբեր շահարկումները համարում ենք ուղղորդված և կողմնակալ՝ միտված ընկերության բնականոն աշխատանքը խաթարելուն: Ընկերությունը նաև հայտնում է, որ իր աշխատանքը խոչընդոտելու, կողմերի պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կդիմի խնդրի դատական կարգով լուծմանը, ասվում է «Քլիներս» ՍՊԸ տնօրեն Գարուշ Պապիկյանի հայտարարության մեջ: