Մարտի 25-ին տեղի ունեցած Արցախի կառավարության նիստին Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է նոտարիատի, պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հյուպատոսական ծառայության, ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու և ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթները:

Նիստից հետո Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, խոսելով օրենքների նախագծերի փաթեթների նշանակության մասին, ասել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նոտարական գրասենյակաների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները այսուհետ կլինեն էլ ավելի մատչելի և առանց լրացուցիչ քաշքշուքների։

Նա ասել է նաև, որ իրենց կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներն ավելորդ դժվարությունների առաջ չկանգնեն և իզուր չվատնեն իրենց ժամանակը:

Նախարարը, մասնավորապես, անդրադառնալով նոտարիատի, պետական տուրքի մասին Արցախի օրենքին ավելացրել է.

«Ըստ նոր նախագծի, եթե շահագրգիռ անձի՝ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդության կամ անօգնական վիճակի պատճառով նոտարական գրասենյակում նոտարական գործողությունների կատարումն անհնարին է դառնում, ապա շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող աշխատանքային օրը նոտարական գործողություններ կատարել նոտարական գրասենյակից դուրս՝ նոտակարան տարածքում: Բացի նոտարական գործողությունների կատարումից նոտարին վերապահվում է նաև իրաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատել, այդ թվում՝ անձանց ազգակցական հարաբերությունները, անձի ուրիշի խնամքի տակ լինելը, ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը և այլն: Եթե պայմանագիր կնքելու կամ ժառանգություն բացելու ժամանակ առաջանում է քաղաքացիների ազգակցական հարաբերությունները հաստատելու կամ ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան գրանցումը հաստատելու մասին հարցեր, և եթե որևէ վեճ չի լինում նոտարը քաղաքացիներին չի ուղարկում դատարան և նշված փաստերն ինքն է հաստատում: Մինչդեռ, ըստ գործող օրենքի, լրացված սխալ փաստաթուղթը նոտարն ուղարկում է դատարան կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որտեղ իրականացվում է փոփոխությունը, ինչը և´ ժամանակի վատնում է և կարող է առաջացնել քաղաքացիների դժգոհություն: Նոտարի բացակայության դեպքում նախատեսված նոտարական գործողությունը կատարում է նոտարին փոխարինողը: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021թ-ի հունվարի 1-ին»: