Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը:

Ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշել է, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,- ասել է Ոսկեհատ Գրիգորյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը:

«Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,- ասել է նա:

Կարեն Մանվելյանը նշել է նաև, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը: Ներկայում քայլեր են ձեռնարկվում, որ տեղադրված սարքավորումների թիվն ավելանա առավել շատ տեղերում տեղադրելու համար: Կարեն Մանվելյանը նշել է, որ այսօր 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված: