Մակեդոնիան Հունաստանի հետ վեճի վերջնական որոշումը և իր պետության նոր անվանումը կընդունի համազգային հանրաքվեով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զորան Զաևը:

«Տեսնում եք, որ թափանցիկ գործընթաց է ընթանում, մենք ցանկանում ենք որոշում ընդունել ազգային կոնսենսուսի հիման վրա, և որ վերջում այն քաղաքացիների կողմից հանրաքվեով հաստատվի»,- ասել է նա:

Մակեդոնիան հարևան Հունաստանի հետ երկրի անվանման շուրջ երկարատև վեճ է վարում, որը սկսվել է 1991 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո: Հունաստանը ցանկանում է, որ երկրի անվանումը փոխվի հունական սահմանամերձ Մակեդոնիայի մարզի հետ չշփոթելու համար, և արգելափակում է Սկոպյեի մուտքը ԵՄ և ՆԱՏՕ: Անվանումը՝ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն, որով երկիրը 1993 թվականին ՄԱԿ է մտել, Աթենքին չի գոհացնում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս 5 տարբերակ է քննարկվում՝ Նոր Մակեդոնիայի Հանրապետություն, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Վերին Մակեդոնիայի Հանրապետություն, Մակեդոնիայի Վարդարյան Հանարապետություն եւ Մակեդոնիայի Հանրապետություն (Սկոպյե):