Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Նա 2003-2008թթ-ին զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, ապա 2008թ-ի մայիսին ազատվել պաշտոնից:

Մամուլում 2008թ-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև Մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել էր Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց Քոչարյանը դա չի արել:

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական կողմը պնդել է, որ վերջինս իրավապահների կողմից ուժ կիրառելու «անհրաժեշտության» մասին տեղեկացել է միայն 2008թ-ի մարտի 1-ի առավոտյան, երբ աշխատավայրում է եղել: