ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկեց մինչ ֆինանսավորման թեմայից խոսելը նախ հասկանալ՝ ինչ անելիքներ կան։

«Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին։ Կանխավարկածն այնպիսին է, որ դրա բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում, ինչ-որ բան պակաս է ֆինանսավորվում, ինչ-որ բան այնպես չէ ֆինանսավորվում։ Ուզում եմ ասել, որ կառավարությունում էլ մեր աշխատանքի ընթացքում ես առաջարկել եմ ընդհանրապես հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև, եթե որևէ խոսակցություն մենք սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի։ Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա այլ, թե ինչ խնդիր ենք լուծում ու ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս գանք, որովհետև հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ փող չկա։ Հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում։ Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկություններն ու անելիքը, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի։ Նպատակներն, ի վերջո, շատ ավելի կարևոր են, քան նստել հաշվելը, թե մենք այս պահին ինչքան փող ունենք»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն ու պոտենցիալը՝ առանձին.

«Խնդիր ենք դրել, որ Հայաստանում ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը։ Դա պետք է արվի հետևյալ կերպ՝ գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ որոշակի ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ»։

Նշենք, որ գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2018թ-ին կազմել է 6 մլրդ դրամ։ Հատկացված ֆինանսավորման 70 տոկոսը աշխատավարձի բաժինն է։ Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 2,2 մլրդ դրամ։ Այն 200 մլն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Արտաբյուջետային միջոցների 655 մլն դրամը համակարգի աշխատողները ստացել են մոտ 43 մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրերից։