Ապրիլի 7-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու «Գինու մեծ համտես»:

Այս մասին ասել է Արցախի Խաղողագործների և գինեգործների միավորման մենեջեր Աննա Զախարյանը: Գրում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով՝ միավորումը սկսում է իրագործել խաղողագործության ու գինու տուրիզմի զարգացման մի շարք ծրագրեր:

«Տեղական գինիների նկատմամբ աճող հետաքրքրությամբ պայմանավորված՝ մենք առաջիկայում կնախաձեռնենք «Արցախյան գինու ճանապարհ» ծրագիրը, որը պաշտոնապես կներկայացվի «Գինու մեծ համտեսի» միջոցառման ժամանակ: Ներկայացված ծրագրի, համտեսի և միավորման կողմից նախաձեռնվող մնացած միջոցառումների նպատակն է աջակցել արցախի գինեգործներին՝ գինիների մարքեթինգի զարգացման, ինչպես նաև վարչական ու կրթական խնդիրների լուծման հարցում: Միջոցառման ընթացքում միավորման ղեկավարությունն առաջին անգամ պաշտոնապես կներկայացնի հասարակական նոր նախագծերը, գինու աշխարհահռչակ մասնագետը վարպետության դաս կանցկացնի գինեգործների համար, ինչպես նաև կիրականացնի միջոցառմանը ներկայացված գինիների կույր համտես»,- նշել է Ա. Զախարյանը:

Նրա խոսքով՝ «Խաղողագործների ու գինեգործների միավորումը հիմնադրվել է 2015թ-ին՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, որի նպատակն Արցախում խաղողագործության զարգացմանն ու աճին նպաստելն է: