ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է․

«Պնդում ենք և նախկինում էլ պնդել ենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդում իրականացումը կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով»։

Հիշեցնենք, որ 2018թ-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներով, նա կալանավորված է։

Խուդոյանը պնդել է՝ խախտվել են իր վստահորդի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ու ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, և հատկապես որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ ՀՀ Սահմանդրության 142 հոդվածով նախատեսված նախագահի անձեռնմխելիության իրավունքը։ Փաստաբանը պնդել է, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է Սահմանդրության մի քանի հոդվածներ։ Նա հիշեցրել է՝ Սահմանադրության համաձայն ՀՀ նախագահն անձեռնմխելի է։

«Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել ու պատասխանտվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Սրանից բխում է, որ ՀՀ նախկին նախագահը ոչ միայն ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այլև առհասարկ չի կարող հետապնդվել»,- ասել է փաստաբանը։

Նա վկայակոչել է Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, որը բացատրում է, թե ինչ է նշանակում քրեական հետապնդում։ Խուդոյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում են այնպիսի արարքներ, որոնց կատարումը բխել է իր զբաղեցրած կարգավիճակից։

«Ռոբերտ Քոչարյանը ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, հասարակ քաղաքացի, այլ հանդես է եկել որպես ՀՀ նախագահ»,- ասել է պաշտպանը՝ ավելացնելով, որ վարույթ իրականացնող մարմինն իրենց հարցումներին չի պատասխանել, թե ինչ գործողություններ են մեղսագրվում Ռոբերտ Քոչարյանին, դրանցից որոնք չեն բխում նախագահի կարգավիճակից։

Խուդոյանն ասել է, առ այսօր ստացել են մի շարք չպատճառաբանված դատական ակտեր, իսկ այսօրվա բողոքը դրանց շարունակությունն է։

«Մենք դատարանին խնդրում ենք գնահատել 2018թ-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, գնահատել, թե որ գործողություններն են մեղսագրվում պարոն Քոչարյանին և արդյո՞ք այդ գործողությունները բխում են ՀՀ նախագահի կարգավիճակից։ Դատարանին խնդրում եմ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում կատարված բոլոր դատաիրավական գործողություններն ապօրինի են»,- բողոքի էությունը ներկայացրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Նշենք, որ նախ ընդմիջում է հայտարարվել, ապա նիստը հետաձգվել է։