ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով այցելել է նաև Կանզաս նահանգ։ Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին (Laura Kelly)։ Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Լիի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրեց ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։ Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։ Քննարկվեցին Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքուն Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին հանձնեց Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստված պատմական նյութերի փաթեթը։ Որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և Հայ ժողովրդի հետ։
Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարեց և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցեց այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27-ը հայտարարվեց ՀՀ-ն և ԱՄՆ կանզաս նահանգի համագործակցության օր։