Լոռու մարզի փաստաբանները միացել են ՀՀ դատական օրենսգրքի նոր նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց գործընկերների տարածած հայտարարությանը: Լոռու մարզի փաստաբան Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի 48 փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ միանալով իրենց գործընկերների բողոքին:

«Որպեսզի միայն հայտարարությամբ չբավարարվենք, մենք՝ Լոռու մարզի փաստաբաններս, որոշեցինք մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա իրականացնել՝ այսօր հրաժարվելով պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննական և հետաքննական մարմիններում, պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,- ասաց նա:

Մեկօրյա այս գործադուլը միայն Լոռու մարզում է իրականացվում։

Ակցիան, ըստ Հակոբյանի, նպատակ ունի փաստաբանների ձայնը հասցնել տարբեր կառույցներին, որպեսզի հասկանան՝ այս հարցն իրոք հուզում է փաստաբանական համայնքին, և իրենք չեն պատրաստվում զուտ հայտարարություն անելով սահմանափակվել: