ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցելու են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: Նախատեսվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարան և հանդիպում կին կոնգրեսականների հետ:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում հանդիպում կունենա «Կարնեգի» հիմնադրամում: Աննա Հակոբյանը կմասնակցի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը կմասնակցի բարեգործական մի շարք ընթրիքների, կունենա երկկողմ հանդիպումներ, որտեղ կներկայացնի երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը:

Աննա Հակոբյանը կայցելի նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ կստորագրվի հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: