Այսօր Ֆրանսիայի քաղաքապետարանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո տեղի ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Անն Իդալգոն ողջունեց ՀՀ նախագահին ու հյուրերին, նշելով, որ այս հանդիպումները նոր ուժ են հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին։

Անն Իդալգոն խոսեց տարվա ընթացքում հայ-ֆրանսիական կարևոր միջոցառումների մասին՝ առանձնացնելով հատկապես սեպտեմբերին Փարիզում հայկական դպրոցի բացումը, որը կլինի «Փարիզի Թումո» կենտրոն։

Իդալգոն ընդգծեց, որ 2016թ․-ին Հայաստան կատարած այցի ժամանակ ուղղակի տպավորված է եղել նորարար կենտրոնով։

«Երևանում ստեղծվել է մի այնպիսի կենտրոն, որ մենք ցանկացանք կրկնօրինակել»,-ասաց Անն Իդալգոն՝ նշելով, որ այն ոչ միայն դպրոց է լինելու, այլ նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների խորհրդանիշ։

Փարիզի քաղաքապետը նաև նշեց, որ հայ համայնքի հետ աշխատում են հայկական մշակույթի տան ստեղծման ուղղությամբ։

Անն Իդալգոն նաև առանձնացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու Էրեբունի Երևանի 2800 ամյակը՝ խոստանալով ներկա լինել այս միջոցառումներից մեկին։