ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից:

ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ:

«Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք», - նշված է հաղորդագրության մեջ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: