Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների և ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները։

Նշենք, որ 2018թ-ի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություններում՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ։

Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:

Արման Թաթոյանն ասել է, որ մինչ զեկույցի հրապարակումը հարցադրումներ են ուղարկել ՀՀ տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետին, բացի այդ քննարկում են ունեցել ԿԳ նախարարի հետ և պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ կառավարությունն այս զեկույցում տեղ գտած խնդիրները պարտադիր հիմք է ընդունելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվելու:

Այսպիսով, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հաստատությունների ներսում չկան սանհանգույցներ, դրանք տեղակայված են բակերում: Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում, բացի այդ, չի եղել միջնորմ, այսինքն՝ աղջիկների ու տղաների համար առանձնացված չեն եղել։

Նշվել է նաև, որ 121 դպրոցներից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզներից միայն 2-ի զուգարաններն են հարմարեցված եղել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Որոշ դպրոցներում էլ առանձնացված չի եղել անձնակազմի համար նախատեսված սանհագույցը, դպրոցների ճնշող մեծամասնությունն էլ ապահովված չի եղել օճառով, 76 տոկոսում չի եղել զուգարանի թուղթ և սրբիչներ։ Բացի այդ, մի շարք դպրոցներում ջուր առհասարակ չի եղել։

Արման Թաթոյանը նշել է, որ դպրոցների 86 տոկոսում տաք ջուր չկա, իսկ մանկապարտեզների միայն 44 տոկոսի սանհանգույցներն են ապահովված տաք ջրով: Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ պայմաններին, ապա, ըստ Արման Թաթոյանի, այստեղ ևս լուրջ խնդիր կան, շատ ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից:

«Դպրոցներում աշակերտները ջուրը հիմնականում խմում են ծորակներից, ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակի տարածման մեծ ռիսկ է առաջացնում»,- ասել է նա:

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրել են դեպքեր, երբ դպրոցներում առկա է եղել ընդամենը մեկ ջրի ծորակ, իսկ մանկապարտեզներում համատարած երևույթ է այն, որ թեև դրանք ապահովված են զուգարանակոնքով, բայց չեն պահպանվում հիգիենիկ կանոնները:

«Անձնակազմը հիմնականում իրազեկված չէ այն կանոններից, որոնք անհրաժեշտ են սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակ ապահովելու համար»,- ասել է Արման Թաթոյանը: