Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մայրաքաղաքի «ամենայուղոտ» հողատարածքները շատ ցածր գներով գնվել են մի շարք թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից:

«Այդ մարդիկ սեփականության վկայականներ ունեն: Կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»,- ասել է քաղաքապետը:

Մարության նշել է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ:

«Այդ այգիների տարածքում մարդիկ փորձում են ինչ-որ շինարարություն անել, դիմում են քաղաքապետարան, որպեսզի շինթույտվություն ստանան, բնականաբար, մերժում ենք: Նոր Նորքի, Դավթաշենի գրեթե բոլոր այգիներում կան սեփականաշնորհված հողեր: Մարդիկ խելացի են գտնվել, այդ հողերն իրենց անուններով չեն, այլ բարեկամների, ընկերների և այլն», - ասել է Մարությանը:

Նա հավելել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ ուսումնասիրում են, թե ինչ հիմքով են վաճառվել տարածքները: