Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` 2015թ-ի հուլիսին նույն անտառտնտեսության մասնաճուղում աշխատանքի է հրամանագրել երկու քաղաքացու: Նրանցից մեկը 2016թ-ի սեպտեմբերից մինչև 2018-ի հունիս ամիսը, մյուսը` 2017թ-ի հունվարի 1-ից մինչև 2019թ-ի փետրվար, փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի ընդհանուր մոտ 3.500.000 դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: