Շիրակի մարզի փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնելու: Հունվարի 24-ին նրանք հրաժարվելու են Շիրակի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Այդ մասին նրանք տեղյակ են պահել փաստաբանների պալատին:

ՓՊ ստացած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Շիրակի մարզի փաստաբաններս միանալով ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք,որ նույնպես որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Շիրակի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր վստահորդները գիտակցում են, որ այս պայքարն իրենց արդար դատաքննության իրավունքի համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին՝ հաշվի առնել փաստաբանների տեսակետը: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 24-ին:

Շիրակի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝ փաստաբան Հայկ Հարությունյան»:

Հիշեցնենք, որ այսօր գործադուլ են հայտարարել Լոռու մարզի փաստաբանները ևս: