Արցախի պետական բյուջեի միջոցներով Շահումյանի շրջանում բազմազավակ ընտանիքների համար շարունակվում են կառուցել բնակարաններ:

Այս մասին ասել է Շահումյանի շրջվարչակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հրայր Ասրյանը՝ նշելով, որ ծրագիրը խթան է հանդիսանում ծնելիության և բազմազավակության աճի համար:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս շրջանի Նոր Վերինշեն, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Էրքեջ, Նոր Խարխափուտ, Ակնաբերդ համայնքներում բազմազավակ 8 ընտանիքների համար իրականացվում են բնակարանների կառուցման աշխատանքներ:

«Վերոնշյալ համայնքների բնակարանների կառուցման աշխատանքների շուրջ 80%-ն ավարտման փուլում է: Ներկայումս կատարվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքներ: Բնակարանները նախատեսված է շահագործման հանձնվելու ընթացիկ տարում»,- ավելացրել է պատասխանատուն և նշել, որ 2000-2017թթ-ին պետական բյուջեի միջոցներով շրջանում կառուցվել է շուրջ 45 բնակարան: