Ամերիկյան սենատորները ներկայացրել են երկկուսակցական օրենսդրական նախագիծ, որն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի համոզվել, որ Անկարան հրաժարվել է ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերից:

«Ռուսաստանի կողմից ԱՄՆ ինքնաթիռների և տեխնոլոգիաների հասանելիությունը Թուրքիայում ստանալու հեռանկարը լուրջ սպառնալիք է ազգային և գլոբալ անվտանգության համար»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է դեմոկրատ սենատոր Ժաննա Շահինը՝ նախագծի չորս համահեղինակներից մեկը։

Թուրքիան ԱՄՆ-ի և ևս յոթ երկրների հետ մասնակցում է F-35-երի ստեղծման նախագծին՝ արտադրելով կործանիչի տարբեր պահեստամասեր։ Ընդ որում, Անկարան արդեն ԱՄՆ-ից 30 այդպիսի մեքենա է պատվիրել։ Սակայն Վաշինգտոնը Թուրքիային նախազգուշացրել է, որ ինքը կարող է մերժել F-35 կործանիչների վաճառքը, եթե Անկարան Ս-400-ներ ձեռք բերի։