Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են.

«Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ-ի հոկտեմբերից 2014թ-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։

Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն»։