2018-ին նոր թանգարաններ կունենանք: Հայտնում են մշակույթի նախարարությունից ու մանրամասնում, որ Սայաթ Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Ալավերդու քաղաքապետը տարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Գործընթացն ակտիվացնելու հանձնարարականը նախարարության՝ համապատասխան վարչությանն էր հասցեագրված:

Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:

«Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք(շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,-այսօրվա ժողովում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2015 թվականին մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն նշել էր․ «Ցավոք սրտի, այս պահին նման թանգարանի համար առանձին շենք չունենք»:

Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծեք, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում: Թանգարանը կբացվի ամռանը, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին:

2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա նոր՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանով: Նախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքային հանձնարարականները ևս համապատասխան վարչությանն էին հասցեագրված: