Այսօր տեղի կունենա Վասակ Դարբինյանի նոր գրքի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գեղարվեստական հուշագրության շնորհանդեսը։ Դարբինյանը 28 լրագրողների, հասարակական ու պետական գործիչների, այլախոհների, իրավապաշտպանների, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ հարցազրույցներով ներկայացրել է ղարաբաղյան շարժման ու նորանկախ Հայաստանի կենտրոնական դեմքերից մեկի՝ Վանո Սիրադեղյանի կյանքն ու գործունեությունը։

Դարբինյանը հարցազրույցի ժամանակ ասել է՝ նման գիրք ունենալու անհրաժեշտությունը տեսավ մեկ տարի առաջ, երբ ծանոթացավ ռուս գործարար Պյոտր Ավենի հրատարակած «Բերեզովսկու ժամանակը» գրքին։

«Երկար մտածում էինք՝ ով է այն մարդը, որի կերպարի շուրջ կարելի է նման գործ ստեղծել ու ներկայացնել այդ ժամանակաշրջանը, որը խորհրդավորության քողով է պատված մինչև հիմա։ Մարդիկ չգիտեն՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասում է Դարբինյանը։

Գիրքը բաղկացած է հինգ գլխից՝ «Գրողը», «Շարժման ասպետը», «Պետական պաշտոնյան», «Ամբաստանյալը» և «Վտարանդին»։ Ժամանակագրական բաժանումները ներկայացվում են հարցազրույցների միջոցով և Դարբինյանի խոսքով գրքում ներկայացված են նաև Սիրադեղյանի քաղաքական հակառակորդների հուշերն ու պնդումները։

«Աշխատել եմ այնպես անել, որ գիրքը միապաղաղ չստացվի, ու խնդիր չեմ ունեցել Վանոյի մասին գովաբանական ձեռնարկ ստեղծել, դրա կարիքը ո՛չ ես եմ զգացել, ո՛չ էլ առավել ևս ինքն ունի։ Դա պարզունակ կլիներ։ Աշխատել եմ գրքում զետեղել նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հարցազրույց, սակայն արձագանք չստացա։ Փորձեցի զրուցել նաև Վանո Սիրադեղյանի հետ կապված քրեական գործով տուժողներից մեկի հետ, նպատակահարմար չհամարեց»,- պատմում է Վասակ Դարբինյանը։

Նա կարծում է, որ գիրքը կարող է ուսումնական ձեռնարկ լինել նոր իշխանությունների համար՝ ներկայացնելու նախորդների հաջողությունները, ձախողումները, նպատակներն ու արդյունքները։

«Մենք մի փոքր մաքսիմալիստական հակումներ ունեցող ժողովուրդ ենք։ Կան մարդիկ, որ հիացած են այդ ժամանակի քաղաքական գործիչներով։ Կամ այն, ինչ իրենց նախասիրություններին համապատասխանում է, փառաբանում են։ Կան մարդիկ, որ իրենց քաղաքական համակրանքներից, պատկերացումներից դուրս են, նրանք թշնամի են՝ անհասկանալի հիմնավորումներով։ Երևի դա մեր հոգեկերտվածքին է բնորոշ։ Ճշմարտությունը մեջտեղում է պետք գտնել»,- նշում է գրքի հեղինակը։

Նա ասում է՝ գոնե ղարաբաղյան շարժման ու անկախության առաջին տարիներին այն ժամանակվա իշխանությունների մոտ չի տեսել վնասարարություն կատարելու նպատակաուղղված միտում, միգուցե դա սկիզբ է առել այն ժամանակ, երբ տարբեր մարդկանց շահեր սկսեցին բախվել։

Վանո Սիրադեղյանի կերպարի շուրջ Դարբինյանի զրուցակիցների ընկալումները շատ տարբերվող չեն։ Հեղինակի համար զարմանալի է եղել այն, որ Սիրադեղյանի որոշ քննադատներ վերջինիս գործունեության հետ կապված շատ քննադատական դրվագներ չեն նշում։ Սա Դարբինյանին հիմք է տալիս հարց հնչեցնելու՝ որտեղի՞ց է այդ դեպքում ձևավորվել հանրային բացասական վերաբերմունք Սիրադեղյանի հանդեպ։

Խմբագիրը հիշում է՝ ՀՀՇ իշխանության ժամանակ պաշտոնյաները շատ անտարբեր էին մամուլի հրապարակումների նկատմամբ, բայց դրա հետ միասին կային հիվանդագին դրսևորումներ քննադատության հանդեպ։

«Դա երևի իրենց մեծագույն վրիպումներից մեկն է, խոսքի հանդեպ այդ արհամարական վերաբերմունքը ի վերջո իրենց դեմ շրջվեց»,- պնդում է Դարբինյանը։

Ըստ նրա՝ իշխանափոխությունից հետո մամուլի հրապարակումներին ավելի մեծ ուշադրություն դարձվեց, ընդլայնվեցին քարոզչության սահմանները, բանահյուսության բոլոր ժանրերն ընդգրկվեցին քարոզչության մեջ, ու դրա նպատակը նախորդ իշխանություններին ոչնչացնելն էր, և հատուկենտ լրատվամիջոցներն անզոր էին քարոզի դեմ։ Մարդկանց բնատուր երևակայությունն էլ, ըստ գրքի հեղինակի, «օգնել է» այդ քարոզչական գործին, բայց նույնիսկ այսօրվա իշխանությունները, երիտասարդ սերունդը բացարձակ պատկերացում չունի, թե այն ժամանակ ինչ է տեղի ունեցել։

«Վանոյին ավելի շատ սիրում էին հրապարակում, եթե ես ընդհանրական վերաբերմունք ներկայացնեմ գործունեության տարբեր շրջաններին։ Միտինգների ժամանակ, հրապարակում էին սիրում Վանոյին, անմիջական շփումների ժամանակ էին սիրում, երբ տարբեր հարցերով անընդհատ մոտենում էին, հարց էին ճշտում և այլն։ Բոլորի հետ շփումներում Վանոն ձեռք էր բերել համակրանք ու հետո արդեն, երբ պետական պաշտոնյա էր, վերաբերմունք փոխվեց։ Ես դա հասկանում եմ, ներքին գործերի նախարարությունւ ուժային կառույց է ու այնուամենայնիվ «պատժիչ» մարմին է։ Եթե ոստիկանությունը որևէ գործողություն էր անում, ինչ-որ մեկը պետք է դժգոհ մնար, ինչ-որ օրինազանց պետք է դժգոհություն արտահայտեր։ Բնական է, որ վերաբերմունք փոխվեց, իսկ երբ քարոզչական մեքենան աշխատեց իր դեմ, հեռուստատեսությունն անընդհատ խոսում էր Վանոյի մասին, քրեական գործի որոշ դրվագներ այնքան էին կարդում հեռուստատեսությամբ, որ բոլորն անգիր գիտեին»,-հիշում է նա։

Միևնույն ժամանակ՝ հեղինակը չի համարում, որ գրքով նպատակ ունի հակազդելու արված քարոզչությանը, խնդիր է ունեցել ներկայացնելու անկախ Հայաստանի ամենախարիզմատիկ կերպարներից մեկին և ցուցադրելու հասարակարգերի փոփոխությունը, որն էլ արել է։