Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրել է ՀԴՄ-ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերաբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները:

Դավիթ Անանյանը նշել է, որ ըստ որոշման նախագծերից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է՝ զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամերձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնիկական սպասարկումը ապահովելով: Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները:

Դավիթ Անանյանը նշել է, որ առաջարկում են վերանայել և ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ-ների մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն:

«Ըստ էության, մենք ազատականացնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վաճառքի և տեխնիկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»,- ասել է նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավանյանը՝ այս հարցի շրջանակներում ասել է․

«Ես կարծում եմ, որ պետական մենաշնորհից հրաժարվելը և ՀԴՄ-ների շուկայի ազատականացումն իր դրական էֆեկտը պետք է բերի, ճիշտ է, դա պետք է արվի փուլային, քանի որ որոշակի ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, քանի որ, եթե ՀԴՄ-ն չի աշխատելու, մենք գնալու և տուգանելու ենք, պետք է վերահսկելի լինեն և ազատականացումը սահուն լինի»:

Նախագծերը ընդունվել են: