«Աշտարակ կաթ» ընկերությունից՝ մեկնաբանելով բողոքները, ըստ որոնց ընկերությունը բորբոսնած յոգուրտներ է մատակարարում խանութներ, հայտնել են․

«Մենք յոգուրտների մեջ հականեխիչներ չենք օգտագործում, մեր արտադրած յոգուրտները օրգանիկ են, այդ պատճառով ունեն պահպանման կարճ ժամկետ` ելնելով դրանից մեծ անհրաժեշտություն կա, որ ջերմային ռեժիմի խախտում չլինի», - գրում է Tert.am-ը։

Ընկերությունից վստահեցրել են, որ պատրաստ են առավոտյան, երբ գործարանից իրենց ապրանքը դուրս է գալիս, ցանկացած մեքենայից ցանկացած ապրանք լրատվամիջոցների առջև ստուգել և համոզվել, որ ապրանքը դուրս է գալիս պատշաճ որակով:

«Քանի որ որոշ խանութներ ոչ պատշաճ կերպով են պահպանում ջերմային ռեժիմը, սառնարանի ջերմաստիճանն էլ պատշաճ չի լինում օրգանիկ մթերքը պահելու համար, և եթե ջերմային ռեժիմի խախտում է լինում, հնարավոր է՝ լինեն կազուսներ, բայց դա բացարձակ մեր արտադրանքի մեղքը չէ, ցանկացած ապրանք, սնունդ, եթե պահում ես ոչ պատշաճ ջերմային ռեժիմում, կարող է վնասվել»,- ասել են ընկերությունից:

Հարցին` ի՞նչ ռեժիմով պետք է, օրինակ, պահպանվեն յոգուրտները, որպեսզի չվնասվեն, ընկերությունից ասել են, որ տարբեր ապրանքների պահպանման ջերմաստիճանային ռեժիմը տարբեր է լինում և պահպանման եղանակը գրված է լինում տուփի վրա:

Նշենք, որ համաձայն Tert.am-ի տեղեկությունների՝ 21.03.2019 – 03.04.2019թթ-ի ժամկետի մեջ գտնվող յոգուրտներն են վնասված:

Ընկերությունից նշել են, որ իրենք բոլոր արտադրանքներից պահում են իրենց մոտ և վստահեցրել, որ այդ ժամկետներում գտնվող յոգուրտները, որոնք իրենց մոտ են գտնվում և պահվել են պատշաճ պայմաններում, նորմալ վիճակում են:

«Թեպետ մեղքը մերը չէ, բայց հայցում ենք հաճախորդների ներողամտությունը: Մեզ համար շատ տհաճ է, որ մեր ֆիրմայի արտադրանքը նման վիճակում է հայտնվում, անկախ նրանից, որ դա մեր մեղավորությունը չէ»,- ասել են ընկերությունից: