«Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ օդանավակայանը 12 մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար:

««Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963թ-ին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ: Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ: Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն: Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր LED համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան ժ. 21:00-ից մինչև առավոտյան ժ. 09:00-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: