Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է երեկ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմ է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը նույնպես նստի բանակցային սեղանի շուրջ: Նաև ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի համաձայնության այն ձևաչափով, որ մենք ենք ուզում, չի լինի»,- ասել է Պապյանը:

Քաղաքագետը անդրադարձել է Մադրիդյան սկզբունքներին.

«Ես լավատես չեմ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որովհետև, կածում եմ, որ եթե մինչև իսկ այդ սկզբունքները մեկնաբանվեն մեր ուզած տարբերակով, միևնուն է դրա արդյունքը այն է լինելու, որ մենք Արցախը կորցնելու ենք: Հետևաբար՝ Մադրիդյան սկզբունքներից ինչքան շուտ հրաժարվենք և այլ սկզբունքներ առաջադրենք՝ ավելի լավ»,- նշել է քաղաքագետը:

Պապյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանի համար.

«Բայց նրանք անգամ դրան չեն համաձայնում: Ադրբեջանը 88 թվից առ այսօր մի նշույլ անգամ չի զիջել որևէ հարցում: Իրենք միշտ մնում են իրենց դիրքերի վրա: Իսկ մենք միշտ զիջել ենք: Էսօրվա էս վիճակը՝ պառակտումը որ ունենք՝ Հայաստան և Արցախ, այդ զիջման հետևանքն է»,- ասել է քաղաքագետը: