Իրանի զինված ուժերը վարժանքներ են սկսել Օրմուզի նեղուցի շրջանում
Իրանի զինված ուժերը երկօրյա վարժանքներ են սկսել ռազմավարական տեսակետից կարևոր Օրմուզի նեղուցից ոչ հեռու:
«Այդ վարժանքների նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հմտությունների կատարելագործումն է ու մարտական ոգու բարձրացումը, փորձի փոխանցումը վարժանքներին մասնակցող երիտասարդ սերնդին, ստացած տակտիկական առաջադրանքների գնահատումը…»,- հայտարարել է փոխծովակալ Հաբիբուլա Սայարին:
«Մոհամադ Ռասուլալլահ-5» (Ալլահի Մուհամեդ մարգարե-5») անվանումը կրող վարժանքները հունվարի 22-ին սկսվել են Իրանի հարավում և հարավ-արևելքում՝ Մեքրանի առափնյա գոտում և Օրմուզի նեղուցում, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաև ցամաքային զորքերի մասնակցությամբ:
Զորավարժություններն անցկացվում են Օրմուզի նեղուցից ոչ հեռու, որը տարածաշրջանից նավթի փոխադրման հանգուցային երթուղիներից մեկն է: Բացի այդ, Օրմուզի նեղուցում մինչև վերջին ժամանակներս միջադեպեր էին տեղի ունենում Իրանի ռազմանավերի և ամերիկյան նավատորմի մասնակցությամբ: