«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը, մոտավորապես այս ժամերին թշնամին նենգաբար հարձակում սկսեց։

Ունեցանք ցավալի կերուստներ՝ մեկ հարյուրից ավել երիտասարդներ և 800 հա հողատարածք։ Մեկ հարյուրից ավել հայկական օջախների ծուխը մարեց, իսկ յուրաքանչյուր հայ օջախ մի բջիջն է ամբողջական օրգանիզմի, որ կոչվում է հայ ազգ։ Ցավը սուր է, վիշտը՝ խորը։ Երեք տարի անց էլ սիրտս նույն ցավով է լցվում, կոկորդս սեղմում է, զայրույթս ներսումս եռռում է՝ պատրաստ եմ խենթության։

Ցավալիորեն մեր տղաներին դավաճանած ոչ մի պատասխանատու պաշտոնյա չի պատժվել, նույնիսկ քր. գործ չի հարուցվել նրանց դեմ։

Ես ևս մեկ անգամ երդվում եմ, որ իմ գիտակցական կյանքում ջանք չեմ խնայի երեք բանի համար՝ հայրենիքի ամբողջականացման, հայրենիքի հզորացման և, սկսած 88-ի շարժումից, բոլոր նվիրյալ հայորդիների մահվան մեղավորների և պատասխանատուների պատժման օրենքի ողջ խստությամբ։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայի սուրբ պարտականությունն է մեր անմահ հերոսների առջև ավարտին հասցնել սկսված գործը՝ հայրենի 400 հազար կիլոմետր քառակուսին վերամիավորելն ու ծաղկուն Հայքի փառքը վերականգնելը»: