Արցախի պաշտպանության պաշտոնաթող նախարար, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով նոր պատերազմի հավանականության մասին, ասել է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաև դե յուրե, և այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն, թեև արտաքուստ իրավիճակը խաղաղ է թվում։

«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Բայց եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նա նշել է, որ հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականացնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։

«Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»,- ասել է Լևոն Մնացականյանը:

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, և մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետև վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաև դե յուրե: Մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, և պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, և պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- եզրափակել է ՊԲ նախկին հրամանատարը։