Ուկրաինայի կառավարությունն արգելել է Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը։

ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ այն արել է նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Յուրի Բոյկոյի և «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի՝ Մոսկվա կատարած այցից հետո:

Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ: ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Բոյկոն և Մեդվեդչուկն «օգտվել են երկրի օրենսդրությունում առկա սողանցքից» և ուղիղ ավիաչվերթ կատարել դեպի Մոսկվա: Նա հաղորդել է, որ նախարարությունը նախաձեռնել է որոշ փոփոխությունների իրականացում, որպեսզի «անհնար դարձնեն Ուկրաինայի և «ագրեսոր երկրի» միջև ոչ կանոնավոր ավիահաղորդակցությունը»։

Այնուամենայնիվ, նախարարը հայտնել է, որ տվյալ արգելքը չի տարածվելու միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի կամ «Կարմիր խաչ»-ի առաքելությունների թռիչքների վրա: