Կաշառք վերցրած առողջապահության փոխնախարարը կալանավորվել է
Առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ մեղադրվող առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019թ-ի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փոխնախարարին առաջադրվել է մեղադրանք պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հաջորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը վերաբերում է բուժհաստատության տնօրենին, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ մամուլի տեղեկությունների, կաշառք տալու մեջ մեղադրվում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռ. Աբրահամյանը։
ԱԱԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հիշյալ բնագավառում հնարավոր կոռուպցիոն այլ դրսևորումները և դրանց առնչակից բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ: