Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակներում այսօր Արցախի մի խումբ ուսանողներ և հասարակական կազմակերպության անդամներ այցելել են 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններ, ծաղիկներ խոնարհել՝ իրենց հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ծրագրի մասնակիցների մի մասը ոտքով շարժվել է դեպի քաղաքային հուշահամալիր, իսկ մյուսները՝ գերեզմաններ:

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանն ասել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ իրենք կազմակերպում են «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագիրը: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Խոսելով ծրագրի նպատակների մասին՝ նա նշել է, որ մերօրյա երիտասարդությունը, այցելելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների գերեզմաններ, ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք պատրաստակամ են շարունակելու նրանց՝ հայրենյաց պաշտպանների կիսատ թողած սրբազան գործը: