Թեհրանի «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը գործում է 2014թ-ից և Արցախում իրականացնում է մի շարք ծրագրեր: Այս մասին ասել է կազմակերպության ղեկավար Իվետ Դանիելյանը, ով իր խմբով այս օրերին ճանաչողական այցով գտնվում է Արցախում: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է մանկապարտեզներին և սահմանամերձ շրջանների բնակիչներին հագուստներ և խաղալիքներ տրամադրելով:

«Տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր գործունեության շրջանակները: Աշխատանքներ ենք իրականացնում տարբեր ոլորտներում, որոնցից հատկապես կարևորում ենք Արցախի կանանց զբաղվածության խնդրի լուծման հարցը: Կարծում եմ՝ այստեղ ապրող կանայք պետք է ծանոթ լինեն շուկայական հնարավորություններին, առավել ևս շուկայի պահանջարկին: 2016-17թթ-ին Ստեփանակերտում և Շուշիում մենք ձեռքի աշխատանքների դասընթացներ ենք կազմակերպել, որի ընթացքում մի խումբ կանայք սովորել և պատրաստել են գեղեցիկ արդուզարդեր: Պատրաստի ապրանքները մենք վաճառել և գումարները տրամադրել ենք իրենց:

Զբաղվում ենք նաև գյուղատնտեսության զարգացման հարցերով, որի շրջանակներում հիմնական շեշտը դնում ենք մեղրի արտադրությանն ու վաճառքին: Ասեմ նաև, որ 2017թ-ին Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքին ենք տրամադրել պտուղ չորացնելու սարք, որի միջոցով օրական չորացվում է 1 տոննա միրգ: Ի ուրախություն բոլորիս, համայնքի բնակիչներն արդեն շուկա են հանել չորացրած մրգեր»,- մասնավորապես ասել է Ի. Դանիելյանը:

Խոսելով այլ ծրագրերի մասին՝ նա ավելացրել է, որ իրենք նյութապես օժանդակել են պատերազմի ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին. այդ ծրագիրը կրելու է շարունական բնույթ:

Բացի դրանից կազմակերպությունն աջակցել է նաև Արցախի կրթական ոլորտին, մասնավորապես, 2018թ-ին Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանին և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջին նվիրել են համակարգիչներ: Նախատեսում են, որ տարվա ընթացքում շուրջ 100 համակարգիչ էլ կնվիրեն ԱՀ գյուղական դպրոցներին:

«Մենք սկսել ենք իրականացնել նոր ծրագիր՝ ներգրավելով առողջապահության բնագավառի մի շարք մասնագետների, ովքեր կարող են իրենց ունեցած փորձը փոխանցել արցախցի գործընկերներին: Մեր այս այցի ընթացքում Արցախ են եկել մի խումբ ատամնաբույժներ, ովքեր «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ միասին աշխատել են Ստեփանակերտի «Դենտաքս Դենտալ գրուպ» բժշկական կենտրոնում: Այցելել ենք նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, ինչպես նաև Շուշիի և Ասկերանի բուժկենտրոններ, և տեղում ծանոթացել առկա պայմաններին ու հնարավորություններին: Խմբի բժիշկ-մասնագետներից մեկը հանրապետական բժշկական կենտրոնում հանդես է եկել բժիշկ-այցելու հարաբերությունների մասին դասախոսությամբ»,- ավելացրել է կազմակերպության ղեկավարը: