Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է: Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։

Խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել։

«Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուի հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի: Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին», - ասված է հայտարարության մեջ:

Հանձնաժողովը ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010թ.‑ի սեպտեմբերի 6-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Խումարյանին: