Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 4-ին քննարկում էր կազմակերպվել բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակցում էին բուքմեյքերական գործունեություն ծավալող «Վիվառո», «Տոտո», «Գուդվին» և «Աջարաբեթ» անուններով հանդես եկող ընկերությունների ներկայացուցիչները, տնտեսական հանձնաժողովի անդամ պատգամավորները և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը: Նախագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գործուղման էր և չէր մասնակցում քննարկմանը:

Հիշեցնենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի նախագծով առաջարկվում է թույլատրել բացել մեկական բուքմեյքերական գրասենյակ միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, ինչպես նաև ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն արգելել (խոսքը գազալցակայաններում տեղադրված սարքերի մասին է): Համաձայն առաջարկի` բուքմեյքերական ընկերությունները պետք է 500 մլն դրամ դեպոզիտ գումար ունենան:

«Գուդվին-բետ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Հրահատ Սուքիասյանը և տնօրեն Սարգիս Միքայելյանը դեմ են նախագծին և պնդում են, որ նախագծով խաղամոլության խնդիրը չի լուծվում, այլ հաճախորդների վերաբաշխում է տեղի ունենալու:

Հրահատ Սուքիասյանը նշել է, որ նախագծով չի արգելվում վիճակախաղի մասնակցությունը, ուղղակի կանխիկ խաղադրույք կատարելուց անցում է կատարվում ամբողջությամբ անկանխիկ խաղադրույք կատարելուն:

«Ինտերնետ տիրույթում գտնվող փողի շրջանառությունը 4-5 անգամ գերազանցում է կանխիկ՝ բուքմեյքերական կետերով կատարվող խաղադրույքների շրջանառությանը: Ի՞նչ է շահում պետությունը»,- ասել է Հրահատ Սուքիասյանը՝ նշելով, որ իրենց տվյալներով այսօր Հայաստանում կա 370 բուքմեյքերական կետ, որից 170-ը մարզերում են, 200-ը՝ Երևանում:

Նա կարծում է,որ խաղի կազմակերպման ձևը փոխելով` չի վերանում խաղը, և բուքմեյքերական կետերով խաղադրույք կատարողներն առցանց են դա անելու, մի մասն էլ դառնալու է «Շանգրի լա» և «Դվին» հյուրանոցում բացվող խաղատների հաճախորդ: «Գուդվին-բետ» ՍՊԸ-ի ներկայացուցչի պնդմամբ՝ նախագծի ընդունմամբ իրենց ընկերությունը կփակվի, մյուս ընկերություններին էլ է նույնը սպառնում` բացառությամբ առցանց հարթակում հաջողության հասած ընկերության:

«Ունենում ենք օրենքի ուժով որոշ կազմակերպությունների փակման հաշվին նրանց եկամուտների և հաճախորդների վերաբաշխում շուկայում մնացող ընկերությունների և խաղատների միջև: Ինքը չի վերանում, օրենքը չի արգելում»,- ասաց Սուքիասյանը՝ նշելով, որ իրենց ընկերությունում ներգրավված է 496 աշխատակից, իսկ գրասենյակները փակելու հետևանքով բոլոր ընկերություններից միասին վերցրած աշխատանքը կորցնելու է 1345 մարդ:

Օրենսդրական նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը փորձել է հիմնավորել, թե ինքն ինչու է միացել այս նախագծին: Փաշինյանը նախ նշել է, որ քարոզարշավի ժամանակ խոստացել է ընտրողներին, որ պայքարելու է բուքմեյքերական գրասենյակների և գազալցակայաններում տեղադրված սարքերի վերացման դեմ, քանի որ մարզերում շատ է հանդիպել դեպքերի, երբ մարդիկ, ազարտով պայմանավորված, հսկայական պարտքեր, վարկեր են կուտակել, երբեմն էլ կյանքներին են վերջ տվել:

«Ուզում եմ մենք լինենք ավելի անկեղծ և մի քանի հարց տանք բոլորին: Դուք վիճակագրություն ունե՞ք՝ քանի աշխատակից է հիմա միլիոնավոր դրամների պարտքի տակ: Ինչու եմ ես համահեղինակ այս նախագծին, որովհետև կա «նիսյա» կոչվածը, աշխատում է մեխանիզմ, որտեղ մարդիկ ազարտային վիճակում սկսում են խաղադրույքներ կատարել, գումարը ավարտվելուց հետո 100 հազար, 200 հազար ու միլիոնավոր դրամների պարտքեր են կուտակում: Կարո՞ղ է այդ մարդը տալ այդ գումարը, թե՞ ոչ: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ, չի կարող: Ի՞նչ մեխանիզմով է դա տեղի ուենում: Վերցնում են մի քանի ճարպիկի ամեն շրջանում, և վերջիններս «տիրություն» են անում այդ գրասենյակները, որի հետևանքով «կրված» անձնավորությունը… ես շատ մարդու եմ ճանաչում՝ 25 տարեկան՝ 7 մլն կրված, 30 տարեկան՝ 28 մլն կրված, 22 տարեկան տղա կա՝ 5 մլն կրված, ու բոլորը գիտեն, որ չեն կարող այդ գումարները չվճարեն»,- ասել է Սիփան Փաշինյանը՝ նշելով, որ պարտքերը մարելու համար մարդիկ իրենց բարեկամների անուններով վարկեր են ձևակերպում, որոնք այդպես էլ չեն վճարվում: Դրա հետևանքով նաև տնտեսական խնդիրներ են առաջանում: Սիփան Փաշինյանը նաև նշել է, որ տեսակետ կա, թե մի ընկերություն է օգտվելու նախագծից, որը կեղծ օրակարգ է:

«Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էդգար Ջրաղացպանյանը, ի պատասխան Սիփան Փաշինյանի առաջ քաշած «նիսյա» խաղադրույքների հանգամանքին, պնդել է, որ իրենց ընկերությունում նման երևույթ առկա չէ: Խոսելով նախագծի մասին՝ Ջրաղացպանյանը նշել է, որ համակարծիք է «Գուդվին» ընկերության ներկայացուցչի հետ և հավելել, որ նախագծի ընդունման հետևանքով սև շուկա է առաջանալու, և մարդիկ ինչ-որ ձև խաղալու են: «Վիվառո Բեթինգ»-ի ներկայացուցիչն առաջարկել է նախագծում կատարել փոփոխություն, որպեսզի Հայաստանի ողջ տարածքում առնվազն 30 բուքմեյքերական գրասենյակ հնարավոր լինի պահել: Այսինքն՝ Երևանի ամեն վարչական շրջանում յուրաքանչյուր ընկերություն 1 կետ ունենա: Ջրաղացպանյանը նաև առաջարկել է 500 միլիոն դրամ երաշխիքային գումարը ընկերություններն ունենան իրենց հաշվի վրա, ոչ թե, օրինակ, բանկում դեպոզիտ դրված:

«Աջարաբեթ» ընկերության ներկայացուցիչ Վանիկ Մարգարյանը նախ նշել է, որ բուքմեյքերական ընկերությունների առաջարկների հետ համամիտ են, ուստի այդ հարցին չի անդրադառնա: Նա նույնպես անդրադարձավ 500 միլիոն դրամ դեպոզիտ գումարին՝ նշելով, որ ընկերությունների համար ամենաթանկ բանը լիցենզիան է, իսկ հաղթած քաղաքացիներին կատարվելիք վճարումներն ուշացնելու պատճառով ընկերությունը լիցենզիայից կարող է զրկվել: Այդ իսկ պատճառով էլ նման խնդիրներ չեն եղել, իսկ պահանջն անհիմն է:

«Դիջիգեյմ» ընկերության («Տոտո») ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը կարծում է, որ նախագիծը որևէ հարց չի լուծելու: Անդրադառնալով «նիսյա» խաղադրույքներին և պարտքեր կուտակելուն` ասել է, որ ֆինանսների նախարարությունը` որպես լիազոր մարմին, պարտավոր է ստուգումներ անել և այդ խնդիրները վեր հանել:

«Հիմա մենք ուզում ենք օրենսդրական ակտով արգելենք տնտեսվարողի գործունեությունը, որպեսզի լիազոր մարմինը համապատասխան ստուգումներ չիրականացնի այն դեպքում, երբ կարող էր իրականացնել ստուգում և երկու անգամ խախտում գտնելով` զրկեր այդ ընկերությանը լիցենզիայից»,- ասել է Արտակ Առաքելյանը:

Արձագանքելով այն դիտարկմանը, որ մարդիկ հոգեկան խնդիրներ են ձեռք բերում խաղադրույքներ կատարելուց հետո պարտքեր կուտակելու պատճառով՝ հեգնեց, առաջարկեց օրենք ընդունել, որ արգելեն ալկոհոլի արտադրությունը, քանի որ ամեն օր լինում են դեպքեր, երբ ալկոհոլ օգտագործած վարորդը մարդկանց կյանքեր է խլում: «Տոտո»-ի ներկայացուցիչն ասաց, որ նախագծի հեղինակների հարցազրույցներում լսել է, որ ասում են` տնտեսվարողները չեն տուժի, քանի որ գրասենյակները փակելուց հետո մարդիկ ինտերնետի միջոցով խաղադրույք կկատարեն:

«Այսինքն, ստացվում է, որ նախաձեռնությունը նախաձեռնված է անելու համար և խոստացվել է անել, անո՞ւմ ենք: Այսինքն` խաղացողները կտեղափոխվեն ինտերնետ հարթակ. տնտեսվարողներ, դուք մի անհանգստացեք, ձեր փողից չեք զրկվի, բայց որպես հիմք բերվում է, որ խաղացողները պակասեն: Ես բազմիցս լսել եմ այդ հակասական կարծիքը հեղինակների կողմից»,- ասել է Արտակ Առաքելյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համաձայն չէ նույն խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի՝ «ճարպիկների» մասին արված պնդմանը: Հայկ Սարգսյանի խոսքով՝ «ճարպիկները» ոչ թե «նիսյա» խաղադրույքները կազմակերպում են գրասենյակների միջոցով, այլ առցանց` իրենց հաշիվներով:

«Պայմանականորեն՝ այս օրենքի ընդունման դեպքում «ճարպիկները» կարող են իրենց հաշվից խաղադրույք կատարել: Զանգ ընդունելով կամ բանավոր մեկն ասի՝ 500 հազար դրամ այս խաղի վրա խաղադրույք ընդունի, ինքն ընդունի, որից հետո այդ գումարն ինքն իր ճարպկությամբ կստանա: Մեքենան կխլի, թե կստիպի տունը վաճառի… Մենք, գրասենյակները փակելով Երևան քաղաքում, այս հարցը ձեր բարձրացրած իմաստով գոնե չենք լուծում»,- ասել է Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ ինքը դեմ է Հայաստանում ընդհանրապես վիճակախաղերի կազմակերպմանը, բայց ներկայացված նախագիծն այդ հարցը չի լուծում, ընդամենը տեղափոխում է ինտերնետ դաշտ:

Սիփան Փաշինյանը, արձագանքելով բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների հավաստմանը, թե պարտքով խաղադրույքներ չեն կատարվում, նշել է, որ նրանք, հնարավոր է, տեղյակ չեն:

«Ես այն պրոցեսին հավատա՞մ, ինչը տեսել եմ, թե՞ ձեր հայտարարությանը»,- հարցրել է Սիփան Փաշինյանը:

Քննարկմանը մասնակցող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Մանասերյանն էլ նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է առաջացնել հակամրցակցային իրավիճակ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ինչպես քննարկման սկզբում, այնպես էլ ընթացքում, հիշեցրել է, որ քննարկման նպատակն է լսել բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներին և խնդրեց նրանց իրեն տրամադրել վիճակագրություն, որպեսզի պարզ լինի, թե խաղադրույքների որ տոկոսն է օնլայն կատարվել, որ տոկոսը` գրասենյակների միջոցով: