Ապրիլի 1-ին Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացել է ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։ Այս մասին հայտնում են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից։

2014թ-ից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արևմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։ Մեր մարտահրավերը պետք է լինի այդ թիվն օր-օրի ավելացնելը և դրանց որակը բարձրացնելը։

Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։

Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ արևմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարևոր ներդրում ունենալը։

Արևմտահայերեն Վիքիպեդիա նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանի խոսքով, Արևմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարևոր խթան հանդիսանալ արևմտահայերենի գործածության համար։

«Վիքիմեդիա Հայաստանի» նախագահ Սուսաննա Մկրտչյանը նշել է, որ սա արևմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու և ստանալու լեզու։

«Վիքիպեդիան կարևոր հարթակ է, որտեղ արևմտահայերենը կարելի է գործածել զանազան ձևերով՝ կարդալով, խնբագրելով, բարելավելով և ստեղծելով արևմտահայերեն հոդվածներ։ Ուրախ ենք, որ մեր աջակցությունը արդյունավետ հիմքերի վրա է։ Հույս ունենք, որ լեզվին տիրապետող բոլոր անհատներն այս առիթը կօգտագործեն համացանցում արևմտահայերեն բովանդակությունը զարգացնելու համար»,- ասել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը։

Արևմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018թ-ի հունվարի 30-ին SIL International-ի կողմից․ լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արևմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաև այն կարող է խթանել համացանցում արևմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։

Արևմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։