Սփուռքահայ գործարարները մտադիր են ներդրումային ծրագեր իրականացնել ՀՀ էներգետիկ ոլորտում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ապրիլի 5-ին ընդունել է սփյուռքահայ գործարարների պատվիրակությանը, որի կազմում էին Hydrodom և Industrial Motorpower Corporation ընկերությունների ներկայացուցիչները:
Սփյուռքահայ գործարարների հետ քննարկվել են էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, արևային, երկրաջերմային ծրագրերի ներդրումային հնարավորությունները:
Գործարարները ներկայացրել են նախկինում իրականացված ուսումնասիրությունները և դրանց հիման վրա կազմված ներդրումային ծրագրերը: Նրանք նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են նաև, որ գործակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը պատրաստ է միանալ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներդրողները ուսումնասիրություն կիրականացնեն հիդրոէներգետիայի և երկրաջերմային ոլորտներում՝ հիմնվելով Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Գործարարները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ սկսել գործնական աշխատանքները: