Այսօր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելել են 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Այս մասին հայտնում են Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից։

Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպել են Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթել են և շարականներ երգել և մեծ ցավ ապրել՝ տեսնելով վանդալիզմի հետքերը: Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացնել: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարևանությամբ ապրող մարդկանց կողմից մաքրվել են վանդալիզմի հետքերը և կրկին շարունակում են այցելել և մոմ վառել սրբավայրում:

Ճգնավորի վանքը հայտնի է նրանով, որ Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի օրը՝ հունվարի 6-ին, Ախալքալաքի հավատացյալ երիտասարդները գնում են վանք, նրա տակից բխող աղբյուրի մոտ գոյացած ավազանում լողանում են: Ըստ ավանդության, շատերը նաև առողջանում են: