ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատարանի դահլիճից դուրս գալով լրագրողներին հայտնել է․

«Այսօր ավարտեցինք երեք բողոքների ներկայացման գործընթացը»։

Նրա խոսքով, նիստը հետաձգվել է, կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14։30-ին։ Քննությանը ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս նիստի ընթացքում չի խոսել, նախատեսվում է, որ ապրիլի 9-ի նիստում կխոսի, նշել է փաստաբանը։

Նա մանրամասնել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ։

«Սա ձևական պահանջ չէ։ Առաջին ատյանում մի շարք արգումենտներ ենք բերել, դատարանը դրանց չի անդրադարձել, բայց պարտավոր էր անդրադառնալ»,- ասել է Օրբելյանը՝ պնդելով, որ այս փուլի քննարկման հարց են նաև Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները։

Պաշտպանական խմբի անդամը նշել է, որ եթե արգումենտների վերաբերյալ դատարանը հիմնավորում չի ներկայացնում, դա թույլ չի տալիս պաշտպանվել։

Երկրորդ բողոքը վերաբերում է Քոչարյանի պատշաճ կարգավիճակին.

«Որպեսզի անձը լինի մեղադրյալ, բացի նրան այդ թուղթը տալուց, պետք է պարզաբանվի մեղադրանքի էությունը։ Դա անկյունաքարային իրավունքներից է մեղադրյալի։ Ընդ որում, իմանա ոչ թե հոդվածի մասին, այլ գործողություններն ու դրանց մեկնաբանությունը Քրեական օրենսգրքի լույսի ներքո»։

Օրբելյանը հիշեցրել է, որ պարզաբանում են խնդրել, սակայն սպառիչ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ այսօր քննել է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները։