ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում ՀՀ հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը հասել Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայի ԲԿ:

«Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածքներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու:

Տեղում հիվանդն անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, տեղադրվել պարանոցային օձիք, կատարվել դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր է դարձել մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ և մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

Ապրիլի 7-ին տեղի է ունեցել սանավիացիայի շնորհանդեսը: