Համայնքին պատկանող տարածքը շուկայականից՝ 18 մլն դրամով ցածր գնով օտարվել է
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ-ին Երևանի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:
Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համայնքի ավագանու նիստի որոշման հիման վրա համայնքի սեփականություն հանդիսացող Դավթաշեն 3-րդ թաղամասի 23/1 շենքի 854.7 քմ մակերեսով հ.7 տարածքը 1 քմ 33,000 դրամով, ընդհանուր՝ 28.2 մլն դրամով, օտարվել է մի քաղաքացու:
Նշված տարածքը օտարելուց մոտ մեկ ամիս անց, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանին 2008թ. նոյեմբերի 11-ի նիստում, իսկ Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարը 2008թ. նոյեմբերի 17-ին որոշումներ են կայացրել թաղապետարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիշյալ օտարված տարածքից 381.1 քմ-ն՝ իր մասնաբաժին հողատարածքով, 20.8 մլն դրամով, այսինքն՝ 1 քմ՝ 54.578 դրամով հետ գնելու մասին։
2008թ. նոյեմբերի 18-ին տարածքը գնած քաղաքացու և Դավթաշեն թաղային համայնքի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայամանագիր:
Սակայն համայնքի ավագանին 2009թ. մարտին կայացրած համապատասխան որոշմամբ առուվաճառքի ադ պայմանագիրը լուծել է՝ պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով: Արդյունքում կողմերի միջև կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր։
Փաստորեն, ըստ նախապատրաստված նյութերի՝ Դավթաշեն համայնքի ավագանու և Դավթաշեն համայնքի ղեկավարի հիշյալ որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող վերոնշյալ տարածքն օտարվել է շուկայականից էականորեն՝ ավելի քան 18 մլն դրամով պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնին: